1920-ականներ
Jaguar-ի պատմությունն աշխարհահռչակ ապրանքանիշի պատմություն է, որը սկսվել է 1922 թ.-ին երկու գործընկերների՝ Վիլյամ Լայոնսի (William Lyons) և Վիլյամ Վոմսլիի (William Walmsley) կողմից հիմնադրված Swallow Sidecar մոտոսայլակների արտադրության ձեռնարկությունից։ 1926 թ.-ին Swallow ընկերությունը Բրիտանիայում դարձավ մոտոսայլակների առաջատար արտադրողը, որն ամեն ամիս վաճառում էր մի քանի հարյուր օրինակ։
Չնայած Ուոլ Սթրիթի փլուզմանը՝ 1929 թ.-ին նոր, աչքի ընկնող Swallow մոդելները մեծ հաջողություն էին վայելում։
1930-ականներ
Բիզնեսի զարգացման կարևորագույն փուլը Standard Motor ընկերության հետ Swallow-ի համագործակցությունն էր, որը սկսեց մատակարարել շարժիչներ և շասսիներ։ Մոդելային շարքի ընդլայնումը պահանջում էր նոր կերպար և նոր անվանումներ։ Ահա թե ինչու ընկերությունը անվանափոխվեց S.S. Cars-ի, իսկ արտադրվող ավտոմեքենաները՝ S.S.I և S.S.II։ 1934 թ.-ին Վիլյամ Վոմսլին թողեց ընկերությունը և սկսեց զբաղվել տրեյլերների արտադրությամբ։ Վիլյամ Լայոնսը գնեց նրա մասնաբաժինը և դարձավ ընկերության միակ սեփականատերը։
1940-ականներ
1945 թ.-ին ընկերությունը վերանվանվեց Jaguar Cars: 1949 թ.-ին Բրիտանական ավտոսրահում առաջին անգամ ներկայացվեց XK120 մոդելը: XK120 անվանումը նշանակում էր շարժիչի մոդել և առավելագույն արագություն (մղոններով մեկ ժամում): Սակայն բելգիական Օստենդ - Յաբբեկե վազքուղու վրա ավտոմեքենան կարողացավ զարգացնել 132 մղոն/ժամ (212 կմ/ժ) արագություն և ձեռք բերեց աշխարհում ամենաարագ սերիական ավտոմեքենայի համբավ:
1950-ականներ
1951 թ.-ին Jaguar-ի անձնակազմը Պիտեր Ուոկերի (Peter Walker) և Պիտեր Ուայթխեդի (Peter Whitehead) մասնակցությամբ Լե-Մանում հաղթանակ է տանում։ Այս նվաճումը ավելի է նպաստում Jaguar-ի համբավին։
1954 թ.-ին C-Type-ի հաջորդը դարձավ D-Type ավտոմեքենան՝ դիզայներ Մալքոլմ Սեյերի (Malcolm Sayer) զավակը։ D-Type-ի կառուցվածքը աերոդինամիկ տեսանկյունից այնքան արդյունավետ էր, որ նրա մաքսիմալ արագությունն աճեց մինչև 170 մղոն/ժամ (270 կմ/ժ), և 1954 թ.-ին՝ Լե-Մանի մրցավազքից առաջ՝ փորձնական վազքերի ժամանակ, նա գերազանցեց շրջանի անցման նախորդ տարվա ռեկորդը 5 վայրկյանով։
1960-ականներ
Այդ տարիների ամենամեծ ձեռքբերումը 1961 թ.-ին E-Type սպորտային նոր ավտոմեքենայի հայտնվելն էր։
1961 թ.-ի հուլիսի 11-ին Լոնդոնի Great Eastern հյուրանոցում սըր Վիլյամ Լայոնսը և սըր Ջորջ Հարրիմանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում էր British Motor Corporation Ltd. և Jaguar Cars Ltd. ընկերությունների միաձուլմանն ու British Motor Holdings ընկերության ձևավորմանը։
1968 թ.-ին ծնունդ առավ լեգենդար XJ շարքը։ Լայոնսի կողմից նախագծված XJ6 սեդանը դարձավ նրա ամենաերկարակյաց զավակը. հաջորդող 24 տարիների ընթացքում վաճառվեց ավելի քան 400 000 ավտոմեքենա:
1970-ականներ
1972 թ.-ին տեղի ունեցան կադրային լուրջ փոփոխություններ։ Վիլյամ Լայոնսը հրաժարական տվեց: Jaguar Cars-ի տնօրենների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը գրավեց Ֆրենկ «Լոֆթի» Ինգլենդը (Ֆրենկ Ինգլենդ):
1975 թ․-ին E-Type-ին փոխարինեց XJ-S մոդելը: XJ-S մոդելը, նախագծված Մալքոլմ Սեյերի կողմից որպես հռչակավոր E-Type-ի փոխարինող, ժառանգեց Jaguar-ի սպորտային ոգին բացառիկ, շքեղ և էլեգանտ մարմնավորմամբ:
1980-ականներ
1980 թ.-ին ընկերությունը սկսում է ղեկավարել հայտնի գործարար Ջոն Էգանը (John Egan), ում թեկնածությունը պաշտպանում է սըր Վիլյամ Լայոնսը, ով կարողացավ պահպանել Jaguar-ի նշանավոր ավանդույթները: 1984 թ.-ին Մարգարետ Թետչերը սեփականաշնորհեց Jaguar Cars ընկերությունը՝ պահպանելով «ոսկե մասնաբաժինը», ինչը Jaguar Cars ընկերությունը մինչև 1990 թ.-ը պաշտպանեց կլանումից:
1985 թ.-ին մահացավ Jaguar-ի հռչակավոր հիմնադիր Վիլյամ Լայոնսը։
1990-ականներ
1990 թ.-ի հունվարի 1-ին Ford-ը պաշտոնապես դարձավ Jaguar Cars-ի սեփականատերը։ Ford-ի գալու կարևորագույն արդյունքներից էր Jaguar ձեռնարկություններում անընդհատ բարելավվող կառավարման համակարգերի և ընկերության տարբեր ստորաբաժանումների միջև համակարգման ներդրումը։
1996 թ.-ին լույս աշխարհ եկավ XK8 մոդելը, որը մարմնավորում էր ապրանքանիշի լավագույն հատկանիշները: XK8-ը գերազանցեց բոլոր սպասումները և դարձավ ամենաարագ վաճառվող սպորտային ավտոմեքենան Jaguar-ի պատմության մեջ:
2000-ականներ
2008 թ.-ին Tata Motors ընկերությունն ավարտեց Ford Motors-ից Jaguar-ի և Land Rover- ի ձեռքբերման գործարքը: Մեկ այլ վառ նորույթ էր XF սուպեր սեդանը, որը նվաճեց ապրանքանիշի երկրպագուներին դասական Jaguar-ին բնորոշ հզորության, հարմարավետության և դյուրակառավարման համադրությամբ։ Այս մոդելը, ինչպես ապրանքանիշի բոլոր նոր ավտոմեքենաները, ստեղծվել է գլխավոր դիզայներ Յան Կալլումի ղեկավարության ներքո։
2012 թ.-ին տեղի ունեցավ վերջին 50 տարիների ընթացքում Jaguar-ի ամենասպորտային մեքենայի՝ F-Type-ի պրեմիերան: 5-լիտրանոց V8 շարժիչով, 495 ձիաուժ հզորությամբ կաբրիոլետը կարող է զարգացնել մաքսիմալ 300 կմ/ժ արագություն: Մինչև 100 կմ/ժ արագություն բացելու համար նրան անհրաժեշտ է ընդամենը 4.3 վայրկյան, իսկ 80-ից մինչև 120 կմ/ժ՝ 2.5 վայրկյան: