+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.07.2016
Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է ավտոնոմ վարման տեխնոլոգիա ճանապարհային ցանկացած պայմաններում

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է մի շարք նորարարական տեխնոլոգիաներ, որոնք ապագայում ինքնավար ավտոմեքենաներին հնարավորություն կտան վստահորեն տեղաշարժվելու ցանկացած ճանապարհածածկի վրայով և հաղթահարելու անճանապարհությունը։

Autonomous All-Terrain Driving («Ավտոնոմ վարելու հնարավորություն ցանկացած ճանապարհային պայմաններում») հետազոտական ծրագրի  բազմամիլիոն ներդրումներն ուղղված են նրան, որ ինքնավար ավտոմեքենան առավելագույնս պատրաստ լինի ճանապարհային և եղանակային տարբեր պայմաններին:

Թոնի Հարպեր՝ Jaguar Land Rover-ի հետազոտությունների գծով տնօրեն. «Ճանապարհային ցանկացած պայմանների համար ինքնավար տեխնոլոգիաների ոլորտի մեր հետազոտությունների խնդիրն ավելին է, քան պարզապես ավտոմեքենային «սովորեցնել» ինքնավար տեղաշարժվել մայրուղիով կամ կտրտված տեղանքով: Հիմնական նպատակն է այն, որ և՛ ինքնավար, և՛ վարորդի կողմից  կառավարվող ավտոմեքենաները ցանկացած իրավիճակում կարողանան ապահով հասնել նպատակակետին։

Մենք ձգտում ենք նրան, որ ապագա բարձր ավտոմատացված կամ լիովին ինքնավար ավտոմեքենաները կարողանան տեղաշարժվել ոչ միայն մայրուղու վրայով: Եթե վարորդը պատրաստվում է թեքվել  ճանապարհից, նա նույնպես պետք է իրեն վստահ զգա։ Մեր նպատակն այն է, որ ապագայում արագընթաց մայրուղու վրա, օգտագործելով երթևեկության գոտին պահելու ինքնավար համակարգը, Դուք կարողանաք ողջ ուղևորության ընթացքում չանջատել այն, նույնիսկ եթե Ձեր առջև սայլուղի է կամ մանրախիճ ճանապարհ։

Անկախ նրանից, թե ինչ պետք է հաղթահարեք Ձեր ճանապարհին՝ ճանապարհային վերանորոգման աշխատանքներ, որ ստիպում են դուրս գալ հանդիպակաց գիծ, ձնառատ լեռնային սերպանտին, թե բնահողային ճանապարհ անտառում, վարորդին հասանելի բոլոր հնարավորությունները մատչելի կլինեն նաև ինքնավար ավտոմեքենայի համար, որին բարդ և վտանգավոր իրավիճակում միշտ կարելի է փոխանցել կառավարումը։ Այսօր մեր ընկերությունը ցանկացած ճանապարհային իրավիճակ վստահորեն հաղթահարող տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից է, և մենք պատրաստ ենք հետագայում էլ զարգանալ»:

Նման լայն հնարավորությունները կյանքի կոչելու համար Jaguar Land Rover-ի մասնագետները նախագծում են նոր սերնդի տեսածրման տեխնոլոգիաներ, որոնք ինքնավար ավտոմեքենային կտրամադարեն ողջ ինֆորմացիան։ Հատուկ տվիչների շնորհիվ, որոնք միշտ ակտիվ են և ավելի արդյունավետ են գնահատում իրավիճակը, քան վարորդը, նման տեխնոլոգիաները թույլ են տալիս ավտոմեքենային ինքնուրույն պլանավորել և կառուցել երթուղիներ ցանկացած ծածկի վրա։

Ծածկի վերլուծում և երթուղու 3D-մոդելավորում (Surface identification and 3D path sensing)

Այս տեխնոլոգիաները համատեղում են տեսախցիկի, ուլտրաձայնային և լազերային տվիչների, ինչպես նաև լազերային ռադարի (LIDAR) առավելությունները, որոնք ավտոմեքենան ապահովում են 360 աստիճան տեսանելիությամբ։ Սենսորները թույլ են տալիս որոշել ծածկի առանձնահատկությունները ընդհուպ մինչև անվահետքի լայնությունը` նույնիսկ անձրևի կամ ձյան ժամանակ երթուղին նախագծելու համար։  

Թոնի Հարփեր․«Ճանապարհային տարբեր պայմաններում ավտոնոմ վարման կարևոր պայմանը ավտոմեքենայի կարողությունը հաշվարկելը և երթուղու 3D պատկերը մոդելավորելն է։ Այլ կերպ ասած, այն պետք է վերլուծի ոչ միայն անիվների տակի ճանապարհը, այլև վերևի և կողքի հնարավոր խոչընդոտները՝ կայանման պարիսպները, ծառերի արմատները կամ կախված ճյուղերը, մեծ քարերը, ինչպես նաև ծածկի տեսակը և ճանապարհի կոնֆիգուրացիան։

Ուլտրաձայնային տվիչները կարող են որոշել ծածկի տեսակը՝ տեսածրելով այն 5 մետր առաջ և թույլ տալով Terrain Response համակարգին ավտոմատ փոխել կարգավորումները, նախքան ավտոմեքենան ասֆալտից դուրս կգա ձյան վրա կամ խոտից՝ հողի։

Overhead Clearance Assist համակարգ

Երթուղու 3D մոդելավորումը  չի կարող սահմանափակվել միայն մակերեսի վերլուծությամբ. այնպիսի խոչընդոտները, ինչպիսիք են ծառի ճյուղերը կամ կայանատեղերի բարձրության սահմանափակումները, ճանապարհն ընտրելիս նույնպես պետք է հաշվի առնել։  Overhead Clearance Assist համակարգը ստերեոտեսախցիկների օգնությամբ տեսածրում է ավտոմեքենայի վերևի տարածությունը։ Վարորդին անհրաժեշտ է ծրագրավորել համակարգը՝ հաշվի առնելով ավտոմեքենայի բարձրությունը, որը կարող է ներառել լրացուցիչ բեռնախցիկ կամ հեծանիվ, այնուհետև մուլտիմեդիա համակարգի միջոցով ստանալ հաղորդագրություն՝ արդյոք վերևում կա բավարար տարածք այդ երթուղիով անցնելու համար։ 

Terrain-based Speed Adaption համակարգ

Տվիչները նույնպես կարող են վերլուծել առջևի ճանապարհի անհարթությունները, որպեսզի, կախված պայմաններից, փոխվի ավտոմեքենայի արագությունը։ Terrain-based Speed Adaption (TBSA) համակարգը օգտագործում է տեսախցիկները՝ որոշելու ճանապարհային անհարթությունները, փոսերը և խորը ջրափոսերը, հետազոտում է ծածկի առանձնահատկությունների ազդեցությունը ավտոմեքենայի ընթացքի վրա և փոխում արագությունը, որպեսզի խոչընդոտների հաղթահարումը ուղևորներին անհանգստություն չպատճառի։

Անճանապարհության պայմաններում շարասյունով ընթանալու պարագայում ավտոմեքենաների միջև ինֆորմացիայի փոխանակման համակարգ (Off-road connected convoy)

Ինքնավար ավտոմեքենաների հաջող ընթացքի համար, բացի ճանապարհային պայմաններից, նաև կարևոր է, որ նրանք կարողանան փոխանակվել ինֆորմացիայով, հատկապես այն դեպքերում, երբ նրանց բաժանում է «կույր» շրջադարձը կամ ճանապարհային խոչընդոտը։

Jaguar Land Rover ընկերության կազմակերպած ցուցադրական առաջին մրցելույթի շրջանակում երկու Range Rover Sport միմյանց հետ կապված էին DSRC փոքր ռադիուսի անլար ցանցով։ Ավտոմեքենաների միջև կապի անլար համակարգը (V2V) իրականացնում է երկու տրանսպորտային միջոցի միջև ինֆորմացիայի ակնթարթային փոխանակում՝ ներառյալ ավտոմեքենայի դիրքը, անիվների տեղապտույտը, կախոցքի բարձրության փոփոխումը, անիվների հոդահաղորդումը, ինչպես նաև All-Terrain Progress Control (ATPC) և Terrain Response համակարգերի կարգավորումները։

Թոնի Հարփեր․«V2V տեսակի կապը թույլ է տալիս միմյանց հետ կապել ճանապարհազրկության պայմաններում շարասյունով ընթացող ավտոմեքենաները։ Եթե մի ավտոմեքենան կանգ առնի, շարասյունի բոլոր ավտոմեքենաները այդ մասին կտեղեկացվեն, ինչպես նաև կիմանան հնարավոր փոսերի, տեղապտույտի կամ բարդ խոչընդոտների մասին։ Հետագայում ինքնավար ավտոմեքենաների շարասյունը կարող է օգտագործել այս ինֆորմացիան, որպեսզի ավտոմատ օպտիմիզացնի համակարգի կարգավորումները կամ կախված ճանապարհային իրավիճակից՝ փոխի ընթացքը։

Կամ, օրինակ, սաֆարիով ուղևորվելու ժամանակ առաջնորդ ավտոմեքենան կարող է շարասյան մյուս մասնակիցներին տեղեկացնել, թե որտեղ կարելի է կանգ առնել հետաքրքիր լուսանկարների համար»: